21/12/2020 16:59
Գորիսի քաղաքապետի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, որը փորձում են ծածկել իրավական գործընթացների տակ. Սյունիքի նախկին մարզպետ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, որը փորձում են ծածկել իրավական գործընթացների տակ, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
«Դա չի ստացվելու, որովհետև մենք ապրում ենք իրավական երկրում, որքան էլ գործող իշխանությունը փորձի դա քանդել։ Այստեղ եմ որպես նախկին մարզպետ, որպես Առուշ Առուշանյանի ընկեր և որպես մարդ, որը ծայրահեղ զայրացած է ստեղծված իրավիճակով», - ասաց Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այս պահին քննչական կոմիտեում է, իսկ քաղաքացիներն ի աջակցություն նրա հավաքվել են ՔԿ շենքի դիմաց։
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանությունը բերման էր ենթարկել և ներկայացրել նախաքննական մարմին, ավելի ուշ նրան Գորիսից տեղափոխել էին Երևան։