21/12/2020 13:10
ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տվել գնահատել կորոնավիրուսի նոր շտամի մուտքի ռիսկը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս երկրներին գնահատել Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամի մուտքի ռիսկը և, ելնելով դրանից, որոշում կայացնել օդային հաղորդակցության վերաբերյալ: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում կայացնում թռիչքների և սահմանային գործողությունների դադարեցման մասին:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս պահին որևէ վերջնաժամկետ կամ որևէ այլ բան չի առաջարկել (սահմանների և օդային երթևեկության հետ կապված, սակայն խորհուրդ է տվել ռիսկերի գնահատում անել», - նշել է նա:
Բացի այդ, ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ դեռ տվյալներ չկան այն մասին, թե ինչպես է Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամն ազդում մահացության վրա: