22/12/2020 12:42
Արցախի անկախությունը ճանաչելը նշանակում էր անել լուրջ քայլ դեպի պատերազմ. Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)
Այս իշխանությունը պետք է հեռանա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Որովհետև մեզ շարունակում են տանել դեպի նոր պարտություններ», - ասաց նա։
Հարությունյանը նշեց, որ իրավիճակն անընդհատ փոխվում է։
«Երբ խոսք էր գնում, որ եթե այս իշխանությունը շարունակի մնալ իր տեղում, ապա մենք կունենանք նոր կորուստներ, շատերին թվում էր, թե մենք խոսում ենք, որ «չէ, եկեք սկսկենք հենց հիմա պատերազմել», խոսքը դրա մասին չէր, խոսքը նրա մասին էր, որ մենք ունեցանք նոր զոհեր, նոր գերիներ, վիթխարի տարածքային կորուստներ ու դա դեռ շարունակվելու է», - ասաց նախկին նախարարը։
Նրա խոսքով՝ վարչապետի ու իր թիմի իրավական գիտելիքները գտնվում են այն աստիճան ցածր մակարդակի վրա, որ անգամ անհարմար է երբեմն մեկնաբանել։
«Դրա վառ օրինակն այն է՝ երբ տարիներ շարունակ Հայաստանը ապահովվել է Արցախի անկախությունը, բայց, չգիտես ինչու, եռակողմ հայտարարության մեջ Հայաստանը ստանձնեց իր վրա մի պարտականություն՝ ազատելու, ենթադրենք, Քարվաճառը և այլն», - ասաց նա։
Ինչ վերաբերում է վարչատարածքային բաժանմանը, Հարությունյանն ընդգծեց՝ «իսկապես խորը իրավական տհասության լուրջ մակարդակ պետք է ունենալ, որ ենթադրել, թե «Վարչատարածքային բաժանման օրենքով» սահմանվում են երկրի պետական սահմանները»։
«Եթե դա այդքան պարզ լիներ, կարելի էր գրել, օրինակ, որ սահմանը Հայաստանի ու Բաքու քաղաքի միջև է, արդյոք այդ դեպքում կլիներ այլ մեկնաբանություն, ես բերում եմ այդքան ծաղրական օրինակ, որ պարզ դառնա, թե ինչ իրավական մակարդակի վրա է գտնվում իշխանությունը, որ փորձում է դա որպես հիմնավորում բերել իր շարունակական պարտությունների ու զիջումների», - նշեց Դավիթ Հարությունյանը։
Դիտարկմանը, թե եռակողմ համաձայնության մեջ նշվում է, որ կողմերը պետք է մնան այն կետում, որտեղ այդ պահին եղել են, ո՞րն է պատճառը, որ հիմա Ադրբեջանն առաջ է գնում ու հայկական կողմից դիմադրություն չկա, Արդարադատության նախկին նախարարն արձագանքեց. «Կամ դա պայմանավորվածություն է, որն ավելի հավանական եմ համարում, կամ ուղղակի տոտալ վախը, որն այսօրվա կառավարության մեջ, կարծես, մտած լինի։ Նրանք պատրաստ են ամեն ինչի»։
Թե ինչու տարիներ շարունակ չէր ճանաչվում Արցախի անկախությունը, Դավիթ Հարությունյանն ասաց, թե Արցախի անկախությունը ճանաչելը նշանակում էր անել լուրջ քայլ դեպի պատերազմ։
«Դա էր պատճառը, որ, այո, դժվար, բայց տարիներ շարունակ ընթանում էին բանակցություններ։ Այն, ինչ տեղի ունեցավ, լրիվ այլ կատարած քայլերի հետևանք էր, դա վարչապետի պատերազմ հրահրելն էր ու այս իշխանության օրոք ես չեմ պատկերացնում՝ ինչ ենք քննարկում, ինչ ծրագրեր կա, բացի պարտությունից», - ասաց Հարությունյանը։