22/12/2020 13:47
Մեր պայքարը երբեք կանգ չի առնելու և այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյան
ՀՀ քաղաքացիներ, եթե ուզում եք ունենալ բանակ, եթե ուզում եք ունենալ պետականություն, եթե ուզում եք ձեր երեխաներն ապրեն մեր հայրենիքում, եթե ուզում եք ունենալ, երկիր, հայրենիք, ուրեմն եկեք այս հրապարակ, այսօր այստեղ է որոշվում մեր երկրի ճակատագիրը, Հանրապետության հրպարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ձեր շնորհիվ ամբողջ աշխարհը տեսավ, հասկացավ և իմացավ, որ այս պարտությունը հայ ժողովրդի համար ընդունելի չէ։ Դուք արժանապատիվ պահեցիք հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին ցույց տվեցիք, որ այս ստորացուցիչ պայմանները մեր ժողովուրդը երբեք չի ընդունելու։ Մեր գործունեության արդյունքում այս շենքում նստած խրտվիլակն օրեցօր կորցնում է իր իշխանությունը», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ վարչապետն այլևս չունի իշխանություն։
«Մեր բոլորի պայքարի արդյունքում երեկ այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք։ Սյունիքը կանգուն է, ուժեղ է, որովհետև գիտի՝ իր թիկունքն ամուր է», - ասաց Սաղաթելյանը։
Նա կոչ արեց երբեք սադրանքների չտրվել։
«Մեր պայքարը երբեք կանգ չի առնելու և այստեղից տուն չենք գնալու, մինչ այն ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին», - ասաց նա: