22/12/2020 11:45
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են մոտ 250 հա տարածք
Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:
Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են 248 հա տեղանք, 95,3 կիլոմետր ճանապարհ և 423 շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթյունավտանգ առարկա:
Լեռնային Ղարաբաղի տարածքը պայթյունավտանգ առարկաներից ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և անբարենպաստ եղանակային պայմաններում:
Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցների պահպանմամբ: