22/12/2020 10:51
Ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի և ասի այդ խոսքը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությունը։
«1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Ընդ որում՝ խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն:
2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը:
Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետեւ եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող:
Ես իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի և ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է և նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որևէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի», - նշել է Փաշինյանը։