22/12/2020 17:10
Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ արձակեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
«Դատարանը որոշեց, որ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի», - լրագրողներին ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել էր՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:
Առուշանյանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցից առաջ հայտարարել էր, թե առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։