23/12/2020 16:31
Պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա ադրբեջանական գերության մեջ. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայկական կողմի գերիներին երեք խմբի է բաժանում։
«Կան երեք տիպի գերիներ. գերիներ, որոնք Ադրբեջանի կողմից պաշտոնապես հաստատվել են, գերիներ, որոնք ադրբեջանական բանտում են, կան ապացույցներ, բայց Ադրբեջանը չի հաստատել պաշտոնապես, և գերիներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են և մենք ունենք որոշակի տեղեկություններ կամ չունենք, բայց գտնվում են կա՛մ ԶՈՒ վերահսկողության տակ, կա՛մ ադրբեջանական բանտում», - ասուլիսի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ-ը:
Նրա խոսքով՝ առաջին տեսակի գերիների հիմնական մասը վերադարձվել է, քաղաքացիական անձինք բոլորն են վերադարձվել։
«Կան մի քանի ռազմագերիներ, որ պաշտոնապես հաստատված ցանկում են եղել, բայց դեռևս չեն վերադարձվել։ Թիվը ես չեմ ցանկանում նշել, բայց մի քանիսն են։ Երկրորդն՝ առկա են կոնկրետ տեսանյութեր, ապացույցներ և վկայություններ վերադարձված գերիների կողմից, որ իրենք ասում են՝ տեսել են ադրբեջանական բանտում այս անձանց։ Այդ տեսանյութերը ներկայացվել են «Կարմիր խաչ»-ին էլ, ռուսական կողմին էլ, բայց Ադրբեջանը համառորեն չի հաստատում նրանց գերության փաստը», - ասել է Արտակ Բեգլարյանը։
Նա հայտարարել է, թե կան անհետ կորածներ, որոնք կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են, կա՛մ թաքստոցում են։
Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ պաշտոնապես հաստատված չորս կին է գտվում գերության մեջ։
«Առնվազն չորս, նշում էի միայն պաշտոնապես Ադրբեջանի կողմից հաստատված կանանց, հիմա կդժվարանամ ասել, թե քանիսն են վերադարձվել, կարծեմ՝ չորսից ավելին վերադարձվել են, բայց ավելի շատ կանայք կան գերության մեջ՝ մի մասը հաստատված, ապացուցված, մի մասը մենք կասկածում ենք, որ գերության մեջ են, այսինքն՝ անհետ կորած են», - ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը։