23/12/2020 15:24
Արկադի Անդրեասյանի օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, որոնց թվին էր դասվում նաև հայրս. Հենրիխ Մխիթարյան
Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Արկադի Անդրեասյանն անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս:
Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը», - նշել է Մխիթարյանը։
Անդրեասյանը ոչ միայն հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից էր, այլև Խորհրդային միության՝ իր ժամանակի լավագույն կիսապաշտպաններից մեկը:
Անդրեասյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ, ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն է, ԽՍՀՄ 1973 և 1975 թթ գավաթակիր, Օլիմպիական խաղերի 1972 թ. բրոնզե մեդալակիր, 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։