24/12/2020 11:42
Որոտանի և Շուռնուխի հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Սյունիքում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներից:
«Դրանք ունեն որոշակի նրբություններ ու որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա ու այդ աշխատանքը անհրաժեշտ է Սյունիքի ու Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից», - ասաց վարչապետը:
Նա նշեց, թե այս գործունեության հետ կապված կարող են լինել ամենատարբեր մեկնաբանություններ:
«Մենք ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում: Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր. մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում», - ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել:
«Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա ու մեր քաղաքացիների շահերը լիաժեք կլինեն պաշտպանված», - ասաց նա:
Նիկոլ Փասշինյանի խոսքով՝ ՀՀ միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել ու չի կարող լինել, բայց սա չի նշանակում, որ այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա ու սահմանների դելիմիտացիա:
«Տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է», - վստահեցրեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, թե այսօր քննարկում է ունեցել ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել կոնկրետ հանձնարարականներ, թե ինչպես հնարավորինս սահուն ընթանա պրոցեսը:
Փաշինյանը նշեց, թե քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի: