24/12/2020 14:11
Այսօր թուրքը եկել, GPS-ով իրենց կետերը «խփել» է. Շուռնուխի մի թաղամաս անցնում է Ադրբեջանին. գյուղապետ
«Պետական մայրուղին անցնում է մեր գյուղով, գյուղը բաժանում 2 մասի: Մի թաղամաս մնում է մայրուղու ներքևում: Այսօր թուրքը ռուսի հետ եկել է, GPS- ով իրենց կետերը «խփել», որոշել՝ որտեղից որտեղ: Գյուղը ներքևի թաղամասից զրկվում է: Ներքևի թաղամասում 12 տուն կա, մեկ տուն «պլստում» է, մնում է մեր սահմանում», - ասաց Արշակյանը:
Գյուղապետի խոսքով՝ այնպես չէ, որ գյուղը դատարկված է: Միայն մի հատվածից մի քանի ընտանիք դուրս է եկել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Վերոնշյալ տարածքը ազատելու մասին Արշակյանն ասաց, որ դեռ ոչինչ չի հրահանգվել:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր. մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում»:
Վարչապետի խոսքով՝ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել: