24/12/2020 16:23
Հայտնի է դարձել ՌԴ ԱԳՆ-ի շենքից մեկ միլիոն դոլարի գողության մասին
2019 թվականին Մոսկվայի Սմոլենսկայա-Սեննայա հրապարակում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր մասնաշենքից գողացվել է ավելի քան 1 միլիոն դոլար:
Ըստ РЕН ТВ-ի՝ դեպքի համար կասկածվում են բաժանմունքի աշխատակցուհին ու նրա հետ բնակվող տղամարդը: Լրատվամիջոցները գրում են, որ զույգը դեռ ազատության մեջ է: Գողացված թղթադրամների գտնվելու վայրն անհայտ է:
Մեկուկես միլիոն դոլար ստացվել է Ռուսաստանի արտգործնախարարության կողմից Իրանից հյուպատոսական ծառայությունների համար, դրանք ուղարկվել են դիվանագիտական փոստով: Անցյալ տարվա նոյեմբերի 29-ին գումարը տեղափոխվել է Ռուսաստանի արտգործնախարարության արժույթի և ֆինանսական վարչության առաջատար փորձագետ Նատալյա Ագալցովայի գրասենյակ:
Գումարի երկու երրորդն անհայտացել է դեկտեմբերի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում:
Երբ հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին ստուգել է միջոցները՝ գումարը 1,066,638 ԱՄՆ դոլարով պակաս է եղել: Ագալցովան հարցաքննվել է: