28/12/2020 13:57
Ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում. Վազգեն Մանուկյան
Անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, որովհետև այն, ինչ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է Հայաստանի համար, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության մոտ տեղի ունեցող անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների։ Ինքը դիտմամբ դաշտն ուզում է նորից բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Սովորական «տրյուկն» է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ։ Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում», - ասաց Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ նախևառաջ վարչապետը պետք է հեռանա, դրանից հետո պետք է ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում փորձի մի քիչ ուշքի բերել, բարձրացնել բանակի մարտունակությունը, սահմանների վերաբերյալ գնա բանակցությունների՝ կամ եռակողմ, կամ Ադրբեջանի հետ։
«Որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է։ Մենք շարունակում ենք տալ ու տալ», - ասաց Վազգեն Մանուկյանը։