28/12/2020 17:15
Ադրբեջանական կողմն Արցախի ԱԻՊԾ որոնողական խմբերին թույլ չի տվել մտնել Հադրութ
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողական խմբերին ադրբեջանական կողմն այսօր թույլ չի տվել մտնել Հադրութ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՊԾ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը.
«Նախկինում եղել է պայմանավորվածություն Հադրութ մտնելու և այնտեղ որոնողական գործողություն իրականացնելու։ Սակայն մեր ԱԻՊԾ զորքը հասել է Դրախտիկ և իրենց ասել են, որ որոնողական աշխատանքները դադարեցվել են, չեն լինելու։ Նրանք մի քանի ժամ սպասել են տեղում, որից հետո կապ են հաստատել կենտրոնի հետ և ասել, որ աշխատանքները չեն շարունակվելու: Հիմա այնտեղից վերադառնում են», - ասաց Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ նման նախադեպ նախկինում էլ եղել է, երբ որոնողական աշխատանքներ էին նախատեսված Մեծ Թաղերի հատվածում։ Ադրբեջանական կողմը նախ թույլ չի տվել, ապա աշխատանքներ, այնուամենայնիվ, իրականացվել են։
Սա հաշվի առնելով՝ ԱԻՊԾ խոսնակը հույս հայտնեց, որ որոնողական աշխատանքները նախատեսված հատվածում կշարունակվեն։