29/12/2020 16:09
Կառավարությունն անտեսել է ազատամարտիկների ընտանիքներին. «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ
Սևազգեստ մայրերն ու այրիները Եռաբլուր պանթեոնում էին: Նրանք ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, հարգեցին նրանց հիշատակը: Այցն արդեն ավանդական է դարձել:
«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ավելի քան 20 տարի է՝ ամեն տարի այցելում են Եռաբլուր:
«Մեզ փորձում են քաղաքականության հետ կապել: Մեր քաղաքական դաշտը մեկն է՝ Եռաբլուրը: Մենք երկրորդ քաղաքական դաշտ չունենք», - ասաց նա՝ ներկայացնելով նաև ազատամարտիկների ու նրանց ընտանիքների խնդիրները:
Ընդգծելով ընդամենը 30 հազար դրամ թոշակի հանգամանքը՝ նա նկատեց, որ զոհվածի ընտանիքը չի կարող գոյատևել, ուր մնաց ապրի այսօրվա թանկացումների, կոմունալ վճարումների պայմաններում: «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահը ընդգծեց, որ կառավարությունն անտեսել է այդ ընտանիքներին:
Սաթիկ Խլղաթյանի խոսքով՝, կառավարությունը որոշեց մարտի 1-ի զոհերին ավելի արժևորել, քան՝ արցախյան պատերազմում զոհված ու հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներին: