30/12/2020 20:26
Հայ երեխաներն այսուհետ կունենան իրենց սուպերհերոսը. տեղի ունեցավ «Վիշապ»-ի շնորհանդեսը (Լուսանկարներ)
Դեկտեմբերի 30-ին Սինեմա Սթարում, տեղի ունեցավ «Վիշապ» անունով հայ առաջին սուպերհերոսի մասին պատմող կոմիքսի շնորհանդեսը, որը վարում էր «ArmComedy»-ի Նարեկ Մարգարյանը: Վերջինս «Վիշապ» կոմիքսի հեղինակն է:
«Կոմիքսներով շատ երկար ժամանակ է, ինչ հետաքրքրված եմ: Երբ պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանի և Արման Միտոյանի կողմից ստացա կոմիքս գրելու առաջարկը, նրանք արդեն ունեին հստակ տեսլական, թե ինչպիսին պետք է լինի տվյալ սուպերհերոսը, կարելի է ասել՝ խաղի կանոններն արդեն սահմանված էին: Իհարկե, այդ հանգամանքը մի փոքր սահմանափակում էր ինձ, բայց չնայած դրան՝ ինձ շատ հետաքրքիր է այս փորձը: Եթե «Վիշապը» հաջողի, այն նաև ճանապարհ կհարթի մյուս սուպերհերոսների ստեղծման համար»,-ասաց Նարեկ Մարգարյանը:
Նարեկ Մարգարյանի խոսքով՝ «Վիշապը» պետք է սիրվի նաև այն բանի շնորհիվ, որ հայ երեխաներին այս սուպերհերոսը մոտ կլինի իր վարքով, ապրելակերպով և խնդիրներով.
«Վիշապը» մեզանից մեկն է, ապրում է Երևանում, գործողությունները, արկածները տեղի են ունենում մեր հարազատ քաղաքում, օրինակ՝ Կասկադում, սուպերհերոսի խնդիրները նույնպես վերցված են մեր կյանքից, ոչ թե Սարդ-մարդու խնդիներն են»:
Նարեկ Մարգարյանի կարծիքով՝ կոմիքսը չի կարող հաջողություն ունենալ առանց լավ նկարների.
««Վիշապի» նկարիչն Անդրանիկ Ասատրյանն է, ով փայլուն մասնագետ է, նույնիսկ՝ կարող եմ նշել, որ միջազգային մակարդակի կոմիքսների նկարիչ է, շատ աշխատանքների հեղինակ է: Միշտ մտածում էի, որ եթե մի օր նմանատիպ աշխատանք իրականացնեմ, ապա միայն նրա հետ: Լավ նկարիչը կարող է փրկել ամենավատ սցենարը, ինչպես նաև հակառակը՝ վատ նկարիչը կարող է աղավաղել ամենալավ սցենարը: Կոմիքսների պարագայում մոտ 60% հաջողությունը կախված է նկարչից»:
«Վիշապի»-ի հաջողությանը հավատում է նաև պրոդյուսեր Արման Միտոյանը. նրա կարծիքով՝ ներկայումս, ավելի քան երբևէ, հայ սուպերհերոսի անհրաժեշտություն կա;
«Հայկական սուպերհերոսի կարիք կա, չէ՞ որ մեր երեխաները սիրում և կրկնօրինակում են օտար սուպերհերոսներին, իսկ հայկականը չունեն: Նման դեպքերում առաջին քայլը կոմիքսի ստեղծումն է: Ժամանակն է, որ լինի այն հայ սուպերհերոսը, ում երեխաները կսիրեն և կընդօրինակեն: Մենք գիտակցում ենք, որ մեր «Վիշապին» համեմատելու են օտար հերոսների հետ, բայց կարծում եմ, որ հայ հանդիսատեսի համար միշտ էլ հայկականն ավելի մոտ է լինում, հուսամ՝ մեր պարագայում նաև կսիրեն այս սուպերհերոսին»,-ասաց Արման Միտոյանը:
«Վիշապ» կոմիքսի գլխավոր հերոսը Հայկն է: Նրա կյանքում պարբերաբար տեղի են ունենում իրադարձություններ, որոնց հետևանքով ինքն իրեն դժբախտ է համարում: Այդ դժվարություններին դիմակայելու հարցում նրան օգնում է մտերիմ ընկերը՝ Գոռը, ով ունի հենաշարժողական խնդիրներ և տեղաշարժվում է սայլակով:
Կոմիքսի պրոդյուսերական թիմի մտահղացմամբ՝ հենաշարժողական խնդիրների միջոցով հստակ մեսիջ են հղում երեխաներին, որ չնայած որոշակի սահմանափակումներ ունենալուն՝ կարելի է ապրել լիարժեք կյանքով: