07/01/2021 16:00
Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունն Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի միջև, սակայն պետք է վերադարձվեն բոլոր գերիները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր խոսել է «Նախիջեւանի միջանցքի» մասին, նշելով, որ այն առաջիկայում անպայման կբացվի՝ հղում անելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը:
Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ:
Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայկական կողմը չափազանց կարեւոր է համարում նաեւ ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը: Այս թեմայով Ադրբեջանից հնչող վերջին շրջանի հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս եւ կասկածի տակ դնում նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանավորվածությունները կյանքի կոչելու Բաքվի հանձնառությունը: Մինչեւ հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան եւ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ եւ այս բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան՝ այդ թվում միջազգային ատյաններում:
Միաժամանակ Ադրբեջանում շարունակվում է վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչությունը: Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին եւ հայտարարություններին»: