07/01/2021 13:34
Հայաստանի պաշտոնատար անձանց այցերը Լեռնային Ղարաբաղ պետք է իրականացվեն միայն Ադրբեջանի թույլտվությամբ. Ալիև
Հայաստանին պատասխան կոշտ միջոցներ կսպասվեն, եթե իր պաշտոնատար անձանց այցերը Լեռնային Ղարաբաղ շարունակվեն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«Ինձ տեղեկացրել են, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այցելել է Խանքենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանում): Ի՞նչ ես անում այնտեղ: Թող Հայաստանը չմոռանա պատերազմը: Հիշեք, որ երկաթե բռունցքը տեղում է: Այս այցերին պետք է վերջ դրվի: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ քայլեր ձեռնարկվեն, ապա Հայաստանը դեռ ավելի շատ կզղջա դրա համար», - ասել է Ալիևը խորհրդակցությանը՝ նվիրված 2020 թ. արդյունքներին:
Նրա խոսքով՝ ցանկացած այց Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, պետք է իրականացվի միայն Ադրբեջանի թույլտվությամբ: Բացառություններ են Կարմիր խաչի ներկայացուցիչների այցելությունները:
«Ամբողջ աշխարհը ճանաչում է այս տարածքը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Ոչ մի օտարերկրյա քաղաքացի չի կարող մուտք գործել այս տարածք առանց մեր թույլտվության: Կարմիր խաչից բացի ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող այնտեղ գնալ: Մենք նրանց առաջին անգամ զգուշացրել ենք Արտաքին գործերի նախարարության միջոցով: Դրանից հետո նախազգուշացումը այլ կերպ է արվելու», - ասել է Ալիևը: