07/01/2021 15:15
Արցախ ՀՀ պաշտոնյաների այցերի մասին Բաքվի հայտարարությունները սին և հիմնազուրկ են. Աննա Նաղդալյան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, թե ՀՀ ԱԳ նախարարի այցը Արցախ խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններ, հիմնազուրկ է, Interfax-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Այդ պնդումներն ամբողջովին սին և հիմնազուրկ են: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով», - նշել է նա։
Նաղդալյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով:
«Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում: Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա», - հայտարարել է Նաղդալյանը։
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանին պատասխան կոշտ միջոցներ կսպասվեն, եթե իր պաշտոնատար անձանց այցերը Լեռնային Ղարաբաղ շարունակվեն:
«Ինձ տեղեկացրել են, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այցելել է Խանքենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանում): Ի՞նչ ես անում այնտեղ: Թող Հայաստանը չմոռանա պատերազմը: Հիշեք, որ երկաթե բռունցքը տեղում է: Այս այցերին պետք է վերջ դրվի: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ քայլեր ձեռնարկվեն, ապա Հայաստանը դեռ ավելի շատ կզղջա դրա համար», - ասել է Ալիևը։