08/01/2021 13:53
Արդարադատության նախարարությունում որևէ փաստաթուղթ գոյություն չունի. սահմանների փոփոխության մասին խոսք լինել չի կարող. Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարարության դիմաց հավաքի կազմակերպիչների հետ հանդիպելու է իջել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, տարածված լուրն ուղղակի ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը։ Նոր ոճ է ի հայտ եկել՝ տելեգրամյան ինչ-որ անհայտ ծագման ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածում։ Դրանք հետո տարածում են մեր մյուս լրատվամիջոցները և հասարակությունում առաջանում են անհանգստություններ։ Կոչ եմ անում ուղղակի չհավատալ, չվստահել նման ալիքների տարածած լուրերին», - հայտարարեց Ռուստամ Բադասյանը։
Նախարարն ասաց, թե որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես միջազգային պայմանագիր, գոյություն չունի նախարարությունում։
«Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես, որպես կառավարության անդամ, տեղյակ կլինեի դրա գոյության մասին։ Կառավարությունում նման հարց չի քննարկվել, ես որևէ տեղեկատվություն նման պայմանագրի գոյության մասին չունեմ», - ասաց Ռուստամ Բադասյանը։
Բադասյանի խոսքով՝ սահմանների փոփոխության մասին խոսք լինել չի կարող։
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը այցելելու է ՌԴ, որտեղ հանդիպումներ պետք է ունենա Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։ Նշենք, որ երեկ մամուլում երեք երկրների ղեկավարների հանդիպմանը ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ տեղեկություն էր հրապարակվել, որտեղ նշված էր, որ Փաշինյանը նոր զիջումերի է գնալու, իսկ այդ փաստաթուղթն ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ սահմանադրութանը համապատասխանեցնելու նպատակով։
Արդարադատության նախարարությունից հերքել էին՝ ասելով, թե ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։