08/01/2021 12:45
Փաշինյանի գրառումն անուղղակիորեն հաստատում է, որ փաստաթուղթ գոյություն ունի. Ռուբեն Մելիքյան
Մենք բոլորս ունենք տեղեկատվութուն ունենալու իրավունք, արդարադատության նախարարության դիմաց հրավիրված հրատապ հավաքի ընթացքում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ուզում եմ անդրադառնալ կարճ ժամանակ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գրառմանը, որն անուղղակիորեն հաստատում է, որ գոյություն ունի թղթին հանձնված փաստաթուղթ, որը որոշակի պայմաններ է նախատեսում։ Այնտեղ խոսվում էր այն մասին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Մեղրիի կամ միջանցքի մասին ոչինչ նշված չէ։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ Շուռնուխի մասին կա՞ր», - ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ ինչպես ինքը, այնպես էլ հավաքի շատ այլ քաղաքացիներ ուզում են հասկանալ, թե այդ փաստաթղթի բովանդակությունն ինչ է։
«Մենք պահանջում ենք հրապարակել ստորագրման ենթակա փաստաթուղթը։ Վերջին ժամանակահատվածում մենք խստագույն խնդիր ունենք տեղեկատվության մատչելիության հետ, մի բան, որը երբեք մտքներովս չէր անցնի», - ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ՀՀ արդարադատության նախարարության դիմաց շտապ հավաք է հրավիրել՝ պահանջելով հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսասատանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվելիք փաստաթուղթը։