10/01/2021 21:24
Սունդուկյան թատրոնում հանդիսատեսը վնասվածք է ստացել ոչ թե օթյակից ընկնելու, այլ աստիճանների վրա ոտքը ոլորելու հետևանքով. թատրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Երեկվանից համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մանկական ներկայացման ժամանակ երիտասարդ կին է օթյակից ընկել դահլիճ, ինչի արդյունքում ոտքի բաց կոտրվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Aysor.am-ի հետ զրույցում թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը նշեց՝ տարածվածը թերի տեղեկություն է, կինն ընկել է ոչ թե օթյակից, այլ՝ աստիճանից։
«Դեպքը տեղի է ունեցել երեկ, ժամը 15։00-ին, «Սառցե սիրտը» ներկայացման ժամանակ։ Կինը երեխայի հետ նստած էր ամֆիթատրոնում, ներկայացման ընթացքում փոքրիկը սկսեց լացել, ու մայրը որոշեց նրան դահլիճից դուրս տանել, որպեսզի հանդիսատեսին չխանգարի։ Անզգուշության հետևանքով ոտքը ոլորվել է, ու նա աստիճանի վրա ընկել է։ Երեխային ոչինչ չի պատահել»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։
Թատրոնի աշխատակիցները կնոջն առաջին օգնություն են ցուցաբերել, նաև շտապօգնություն են կանչել։ Կնոջ ոտքն իսկապես վնասվել էր, շտապօգնության բժիշկը վիրակապել է ու տեղափոխել են հիվանդանոց։
Վնասվածք ստացած հանդիսատեսն իրեն հիմա լավ է զգում, քիչ առաջ նույնիսկ թատրոնի ֆեյսբուքի էջին նամակ է ուղարկել՝ շնորհակալություն հայտնելով սունդուկյանցիներին, որ արագ են արձագանքել ու իրեն շուտ հիվանդանոց են հասցրել։ Իսկ այ թատրոնի աշխատակազմն անհարմար իրավիճակում է հայտնվել՝ երեկվանից չեն դադարում անհանգստացած ծնողների հեռախոսազանգերը։
«Երեխաներ կան, որոնց ծնողները բերում, թողնում են թատրոնում, հետո գալիս տուն են տանում։ Ու մինչև հիմա բազմաթիվ ծնողներ անհանգիստ զանգում են, հարցնում՝ օթյակն այնքան անհարմա՞ր է, որ երեխաները կարող են այնտեղից ընկնել։ Արդյոք վտանգավոր չի երեխաների այնտեղ գտնվելը... Ախր օթյակից ընկնելը շատ վտանգավոր է, մարդը կարող է մահանալ։ Մինչ այս պահը որևէ լրատվամիջոց չէր փորձել տեղեկությունը մեզանից ճշտել, բոլորը հիմնվել էին մեկ ֆեյսբուքյան գրառման վրա։ Սա կամ անգրագիտություն է, կամ՝ դիտավորություն։ Նույնն է, թե մարդը շենքի աստիճանից ընկնի, գրեն, թե 3-4-րդ հարկից է ընկել։ Չի կարելի անհիմն այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ծնողը վախենա իր երեխային թատրոն ուղարկել»,-ընդգծեց Անի Ներսիսյանը։