11/01/2021 14:06
Գործողությունների հանդեպ իշխանության կողմից ոչ լուրջ վերաբերմունքը հանգեցրեցին իմ որոշմանը. Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլ»-ից դուրս գալու մասին
Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշումը պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը երկար մտածելուց հետո է կատարել, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց նա:
«Պատերազմի ելքից և ստորագրությունից հետո շատերի համար սպասելի էր իմ դուրս գալը: Բայց հասկանալով երկրի առաջ ծառացած խնդիրները՝ որոշեցի, որ պետք է դրանց ուղղակիորեն լծվեմ ու փորձեմ լուծումներ տալ: Բայց խնդիրները չափազանց շատ էին և այն գործողություններն ու գործունեությունը, որում չափազանց թերացումներ կային իշխանության կողմից, գործողությունների հանդեպ ոչ լուրջ վերաբերմունքը պատճառ հանդիսացան, որ դուրս գամ խմբակցությունից», - մեկնաբանեց Հովսեփյանը:
Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ խմբակցությունից դուրս գալու որոշումը չի հասցրել որևէ մեկի հետ քննարկել. ցանկություն է հայտնել հարցը քննարկել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, ով, սակայն, այդ պահին նպատակահարմար չի գտել. «Իսկ դրանից հետո, երբ ցանկություն հայտնեց, ես այլևս նպատակահարմար չգտա»:
Գործընկերների արձագանքները նա չցանկացավ գնահատել, միայն նշեց, որ որակումները իրեն հարիր չէին:
Ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքներին, թե վարչապետի քվեաթերթիկը օգտագործելով պատգամավոր է ընտրվել՝ Հովսեփյանն ասաց.
«Իմ գործընկերները, ովքեր նման գնահատականներ են տվել, լավ գիտեն՝ ով է Սոֆյա Հովսեփյանը և ինչ կարողություններ ունի, առհասարակ: Մինչև պատգամավոր դառնալը բոլորը մարզերում ճանաչում էին ինձ, գիտեին՝ որքան եմ նվիրված երկրին»: