11/01/2021 15:39
Աշխատանքային խմբի շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերն աշխատելու են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը կզբաղվի Լեռնային Ղարաբաղում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև սահմանների բացման հարցերով:
«Տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանի», - ասել է Պուտինը՝ երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, որը նախագահելու են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները», - ավելացրել է Պուտինը:
«Կցանկանայի հույս ունենալ, հարգելի գործընկերներ, որ մեր այսօրվա բանակցությունները կընթանան գործնական մթնոլորտում և կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և առաջադեմ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, ինչով մենք բոլորս, անկասկած, հետաքրքրված ենք», - ասել է ՌԴ նախագահը: