12/01/2021 11:38
Գերիների ու անհետ կորածների հարցը չլուծած՝ ի՞նչ կոմունիկացիաների մասին է խոսքը. Արման Աբովյան
Վարչապետի երեկվա մոսկովյան այցը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը բացասական է գնահատում: Aysor.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ փաստացի հայկական օրակարգից հայկական կողմի համար արդիական ոչ մի հարց չի ամրագրվել: Նա կարևորագույն է համարում գերիների և անհետ կորածների խնդիրը, որը ոչ մի լուծում չի ստացել:
«Ինձ մոտ տպավորություն է՝ կարծես սայլը դրվել է ձիուց առաջ: Հիմնարար խնդիրները չլուծած՝ ի՞նչ կոմունիկացիաների մասին է խոսքը: Կարևոր է ընդգծել, որ բանակցությունները վարվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, իսկ Ռուսաստանն ավելի շատ միջնորդի դեր է ստանձնում: Պարտված երկիրը ներկայացնող անձը պարզապես ի զորու չէ լուծել խնդիրները, որոնց մասին Մոսկվա մեկնելուց առաջ ամպագոռգոռ հայտարարություններ էր անում», - բարձրաձայնելով Արցախի Հանրապետության 75 տոկոսի օկուպացման, Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացների փաստացի սառեցման հանգամանքների մասին՝ ասաց ԲՀԿ պատգամավորը:
Մոսկվայում տեղի ունեցածը Հայաստանի հաղթանակ համարողների մասով էլ Արման Աբովյանն ասաց, որ այդ մարդիկ կա՛մ մանիպուլյացիա են անում, կա՛մ էլ չեն գիտակցում՝ հաղթանակը որն է:
«Թուրքիան Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, ի վերջո, 100 տարվա երազանքը կիրականացնի. դա՞ են հաղթանակ համարում: Ասում են՝ ինչ լավ է, Ռուսաստանի ու Իրանի հետ երկաթգծով կապ կունենանք. դա՞ է հաղթանակը: Այսօր հարյուրավոր գերիներ, հազարավոր զոհեր կան, ի վերջո, Արցախի շուրջ իրադարձությունները դիվանագիտական ու քաղաքական առումով ոչ լուծված են, ոչ էլ նշույլ կա, որ կարող է լուծվեն: Պարզ է, որ փորձում են մանիպուլյացիաներ անել», - ասաց Աբովյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը կարծիքով՝ եղածին հանգեցրել են իրավիճակի սխալ վերլուծություններն ու գնահատականները: