12/01/2021 21:45
Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը՝ դերասան Երվանդ Ենգիբարյանի հայրը
Այսօր 85 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքի էջում կատարված գրառումից։
Ծնվել է 1936 թվականի հունվարի 1-ին, Լենինգրադում։ Մի քանի ամիս անց ընտանիքը տեղափոխվել է Երևան։
1953-1958 թվականներին սովորել է Մոսկվայի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։
1958-1962 թվականներին եղել է Վիլնյուսի ռուսական դրամատիկ թատրոնի դերասան, մինչև 1977 թվականը որպես դերասան աշխատել է Խորհրդային միության տարբեր քաղաքներում՝ Պետրոզավոդսկ, Օմսկ, Բաքու, Թբիլիսի:
1977 թվականից աշխատել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
1993 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում;
Ժակ Ենգիբարյանը 2013 թվականին ավտովթարից մահացած դերասան Երվանդ Ենգիբարյանի հայրն է։