14/01/2021 13:59
Ցանկացած ապաշրջափակման պետք է այո ասենք. Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր կառավարություն էր եկել վարչապետի հրավերով: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քննարկել են գերիներին, տնտեսության զարգացմանը, ճանապարհներին, երկաթգծին վերաբերող խնդիրներ:
«Նախկինում երկաթգծով մենք աշխատել ենք Իրանի ու Թուրքիայի հետ, այդ փորձին էր ուզում ծանոթանալ», - ասաց նա:
Ապաշրջափակման մասին հարցին պատասխանելով՝ Սարգսյանն ասաց, որ, ընդհանրապես, աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել.
«Որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե ասենք՝ մենք ուզում ենք փակ ապրել, որովհետև փակ ավելի ապահով է: Ցանկացած ապաշրջափակման պետք է այո ասենք, բայց դա բազմաթիվ հարցեր ու բարդություններ ունի»:
Արամ Սարգսյանի խոսքով՝ պետք է փորձել իրավիճակները հարթել:
«Մեզ համար շահեկան կլինի, եթե ուժեղ պետություն, ուժեղ տնտեսություն ունենանք, կարողանանք ժամանակին հարիր զինենք բանակը», - ասաց նա: