14/01/2021 11:33
Դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպով կասկածի տակ չդրվի. կայացվեց որոշումը, բոլորն ի գիտություն ընդունեն. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը:
Նախարարն ասաց, թե այս փաթեթով ներդնում են երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում:
Նրա խոսքով՝ մեկ խնդիր ևս լուծում են. դատարանների նստավայրերը ու հերթապահող դատավորների ժամանակացույցը հրապարակվում է. Վարույթն իրականացնող մարմնի ու բոլորի համար ակնհայտ է դառնում, օրինակ, կալանքի միջնորդության քննության դեպքում որ դատավորին է մակագրվելու գործը:
«Նախատեսում ենք դատավորների թվակազմի ավելացում, ընդհանուր թվով՝ մինչև 21 դատավորի հաստիք կլինի Առաջին ատյանի դատարանում ու 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում», - նշեց Բադասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե դատաիրավական համակարգի բարեփոխումների շատ կարևոր փուլ են մտնում: Նրա խոսքով՝ առաջիկայում սպասելու են պարեկային ոստիկանության ձևավորմանը:
«Մենք կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը: Ընդ որում, սա աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե դատավորների ընտրության ու նշանակման նոր պրոցեդուրա է անցնելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է, որը շատ լայնորեն քննարկվում է:
Վարչապետի խոսքով՝ կարող է լինել դեպք, երբ բարեվարքության հետ կապված խնդրահարույց եզրակացություն լինի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բայց Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի նշանակաման վրա դա կարող նաև ազդեցություն չունենալ:
«Մենք պետք է երաշխավորված լինենք, որ այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպով կասկածի տակ չդրվի, այսինքն՝ կայացվեց որոշումը, բոլորն ի գիտություն ընդունեն, ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ քաղաքական կապ կա այդ որոշումների հետ», - ասաց Փաշինյանը: