16/01/2021 23:57
ԱԱԾ-ն հերքում է, որ Արարատ Միրզոյանը գործակալ է և հորդորում է ապավինել պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հիշյալ հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր և կրկին անգամ հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ», - ասված է ԱԱԾ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Միրզոյանը տարիներ շարունակ հանդիսացել է Թուրքիայի գործակալ: Բացի այդ, նա հրապարակել էր Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ապացույցը: