19/01/2021 11:38
««Ամուլսարի» շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացվել». քննիչ հանձնաժողովի զեկույցը
Ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից որևէ մեկը շահութահարակ չի վճարում, այսինքն՝ շահույթով չի աշխատում, ԱԺ-ում Ֆինանսական և այլ հաշվետությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների զեկույցը ներկայացնելիս ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը:
Նա տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ բնապահպան Նազելի Վարդանյանը հավատացրել է, որ մեր երկրում հանքարդյունահանումն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների ու միջազգային կոնվենցիաների խախտումներով:
«Ըստ բնապահպան-իրավաբանի՝ նախորդ իշխանությունները Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել: Ջրային օրենսգրքով և Սևանի մասին օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը: ՀՀ օրենսդրությամբ և միջազգգային կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են «Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակներ և թռչնատեսակներ: Բանախոսն անթույլատերլի է համարել Ջերմուկի հարևանությամբ հանքի շահագործումը», - նշեց Բագրատյանը:
Նա նաև ավելացրեց՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել են, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր: