19/01/2021 12:22
Իմ ընտրողներին չեմ խոստացել, որ սարեր եմ շուռ տալու. Պատգամավորը՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքների հաշվետվության մասին
Չկա որևէ փաստացի օրինակ, տվյալ, ապացույց, որ այսինչ հանքավայրը բացելու համար, ենթադրենք, այսինչ խախտումներն են տեղի ունեցել, կամ եզրակացություն՝ ինչ է պետք անել, խորհրդարանում ասաց իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ֆինանսական և այլ հաշվետությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին:
Նրա խոսքով՝ քննադատությունն առաջին հերթին ուղղում է այն պատգամավորներին, որոնք պահի ազդեցության տակ, իրավիճակից ելնելով քաղաքական դիվիդենտներ շահելու համար որոշում են ստեղծել ինչ-որ հանձնաժողովներ
«Ստեղծում են այն հույսով, որ այստեղից չենք պահանջելու այդ հանձնաժողովի աշխատանքների համար պատշաճ հաշվետվություն ներկայացնել, որովհետև ես որպես պատգամավոր իմ ընտրողներին և իմ քաղաքացիներին չեմ խոստացել, որ սարեր եմ շուռ տալու այդ թեմայով: Պետք չէ ավելորդ հույսեր, այնպիսի տրամադրություններ ստեղծել, որ էս երկրում էսինչ բաներն են տեղի ունենում, հիմա մենք կգանք էսինչ բացահայտումները կանենք», - ԱԺ ամբիոնից ասաց պատգամավորը:
Ավելի վաղ մեկ այլ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել էր, որ իրենք ձախողել են քննիչ հանձնաժողովի գործունեությունը: