19/01/2021 12:04
Մենք ձախողել ենք քննիչ հանձնաժողովի գործունեությունը, բայց սա թող մեզ համար դաս լինի, որ հաջորդ անգամ հանձնաժողով ստեղծելն ինքնանպատակ չլինի. Բաբկեն Թունյան
Մենք ձախողել ենք քննիչ հանձնաժողովի գործունեությունը և դրա մեջ ես իմ մեղքի բաժինը տեսնում եմ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը հիմնավորվածությունը և արժանահատավությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկմանը։
«Պետք է անկեղծ խոսել, ինչպես ասում են՝ Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Իհարկե, քննիչ հանձնաժողովի նախաձեռնությունը եղել է ոչ մեր կողմից, դա իրավունքի ուժով է ստեղծվել, ես ինքս անձամբ ցանկություն եմ հայտնել մասնակցել, որպեսզի ինչքան հնարավոր է, գոնե այդ գործի մեջ ներդրում ունենամ, որպեսզի օբյեկտիվ իրականությունը պարզեմ, բայց, ըստ էության, ինքս բավարար չեմ աշխատել», - ասաց Բաբկեն Թունյանը։
Նա նշեց, թե 5 հանքավայր էին առանձնացրել հետազոտություններ իրականացնելու համար և բաշխել դրանք հանձնաժողովի անդամների մեջ.
«Ցավոք, այդ հինգ հանքավայրի մասով մենք բավարար ինֆորմացիա չստացանք և կան ընկերություններ, որոնց հաշվետվությունն ընդհանրապես չես կարողանում գտնել։ Եթե որևէ լրագրող հետաքննություն աներ ու ռեսուրսներ տրամադրեր սրա վրա, ավելի շատ կբացահայտեր, քան մենք»։
Թունյանի խոսքով՝ ըստ էության քննիչ հանձնաժողովը ստեղծվեց մեկ հանքարդյունաբերական ընկերության ներդրումային ցուցանիշները կասկածի տակ դնելու համար.
«Ամբողջ ընթացքում մենք հիմնականում լսել ենք բնապահպանական ակտիվիստներին, որոնք խոսել են մեկ ընկերության մասին, որը չի աշխատում։ Օրինակ, խոսում եք «Լիդիան Արմենիայի» մասին։ Այդ ընկերությունը չէր կարող շահույթ ունենալ, որովհետև չի էլ շահագործել»։
Պատգամավորն ասաց, թե սա իրենց համար թող դաս լինի, որ հաջորդ անգամ քննիչ հանձնաժողով ստեղծելն ինքնանպատակ չլինի։
«Որ հաջորդ անգամ մենք մեր ուժերը բավարար գնահատենք ու տեսնենք՝ եթե մի բանը կարողանալու ենք անել, մտնենք դրա տակ, եթե չենք կարողանալու, ավելի լավ է սկզբից իզուր սպասումներ չձևավորենք։ Դա ոչ միայն ռեսուրսների վատնում է, այլ Ազգային ժողովի հեղինակությանը լուրջ հարված է հասցնում», - եզրափակեց խոսքը Բաբկեն Թունյանը։