19/01/2021 11:03
Հայտնաբերվել է յոթ զինծառայողի և քաղաքացիական մեկ անձի աճյուն
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում և դիրքային գոտիներում շարունակում են իրականանել փրկարար-որոնողական աշխատանքներ։
Հունվարի 18-ին աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Մեխակավան/Ջաբրաիլ/ և Որոտան /Կուբաթլու/ ուղղություններում: Հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը քաղաքացիական:
Վերջինիս ինքնությունը պարզ է: Նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարանծքից:
Եվս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից:
Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական անշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել են 1246 ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:
Աշխատանքներն այս պահին ընթանում են Վարանդայի /Ֆիզուլի/, Ջրականի/Ջաբրաիլ/, Հադրութի, Կովսականի /Զանգելան/ շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում: