19/01/2021 09:48
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը պատրաստվում են արտահերթ ընտրությունների գնալ դաշինքով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները պտտվում են, սակայն դեռ առարկայական չեն, կոնկրետ չկա մատնանշված ժամկետ, այնուամենայնիվ, իշխանությունների ներսում՝ կուլիսային մակարդակներում լայնորեն քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, իշխանությունները լրջորեն պատրաստվում են արտահերթ ընտրությունների: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի, Գուրգեն Արսենյանի և մեկ-երկու այլ քաղաքական ուժերի ղեկավարների հետ ու արդեն Սարգսյանին ու Արսենյանին առաջարկել է միասին մեկ դաշինքով գնալ ընտրությունների:
Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը նպատակ ունի այդ դաշինքում ներառել նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանին, փորձ է արվում այդ դաշինքում ներառել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի Փաշինյանի շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովվի, ու միասին գնան ընտրությունների:
Սակայն այսօրվա դրությամբ միայն հայտնի է որ Արամ Սարգսյանն ու Գուրգեն Արսենյանն են համաձայնել Փաշինյանի հետ դաշինք կազմել: Մյուսների մասով դեռ քննարկումներ են ընթանում: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ արդեն սկսել է հանդիպում-քննարկումներ ունենալ իր կուսակիցների հետ՝ նաև մարզերում: Ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետն անձամբ չի մասնակցում այդ պրոցեսներին, ապագա ընտրությունների կազմակերպումը հանձնարարված է ՔՊ-ականներ Սուրեն Պապիկյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արայիկ Հարությունյանին, որին առաջիկայում կմիանան նԷդուարդ Աղաջանյանը՝ Դիջեյ Էդոն, Ռոմանոս Պետրոսյանը:
Առայժմ այս անձինք հանդիպում են իրենց կուսակիցների հետ, ճշտում են տրամադրությունները, պահանջ կա նաև մեծացնել կուսակցականների թիվը, ու այժմ իշխանությունները ամենատարբեր խոստումներն են տալիս մարդկանց. մի հատվածին մանր-միջին մակարդակի աշխատանքի են տեղավորում, կամ նման խոստումներ տալիս, միայն թե մազերում համախմբվեն իրենց շուրջ:
Ստացվում է՝ և իշխանությունը և ընդդիմությունը նախընտրական քարոզչությունն արդեն սկսել են, քանի որ 17 կուսակցություններն էլ իրենց հերթին են քայլեր անում այդ ուղղությամբ՝ շրջելով մարզերում: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժությունների են պատրաստվում՝ արդեն Հայաստանի սահմանին»։