19/01/2021 13:11
«Բժիշկներն ասել էին՝ սպասենք վատթարագույնին». Հիվանդանոցում կաթվածից մահացել է Վիգեն Ստեփանյանը
Այսօր հիվանդանուցում մահացել է հայ դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեանյանը, լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
«Մահացել է մոտ 40 րոպե առաջ: Երկու օր առաջ կաթված էր ստացել, անգիտակից վիճակում էր, հիվանդանոցում: Բժիշկներն ասել էին, որ սպասենք վատթարագույնին, հույս չէին տալիս: Ցավոք, այդպես էլ եղավ», - մանրամասնեց Հակոբ Ղազանչյանը:
Վիգեն Ստեփանյանը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 8-ին, Երևանում:
1969 թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։
1973 թվականին ընդունվել է Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։
1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
1988-1992 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։
1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։
1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում:
2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։
2007 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարում է ռեժիսորական կուրս։
2007 թվականին Մոսկվայում բեմադրել է «Ոսկե նուռ» տոնահանդեսը:
2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։
Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։
Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ: