19/01/2021 10:35
ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ քննություն նշանակվե՞լ է՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը
Ազգային անվտանգության ծառայությունը ոչ հերքում, ոչ հաստատում է տեղեկությունն այն մասին՝ արդյոք ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին արտահոսքի աղբյուրը։
«ԱԱծ-ն հունվարի 16-ին տվել է պաշտոնական հաղորդագրություն, որին ավելացնելու ոչինչ չունենք», - Aysor.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը տարիներ շարունակ հանդիսացել է Թուրքիայի գործակալ: Բացի այդ, նա հրապարակել էր Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ապացույցը:
Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հերքել էր վերոնշյալ լուրը։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի», - նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Դեպքին անդրադարձել էր ինքը՝ Միրզոյանը՝ հերքելով, որ գործակալ է։
Միքայել Մինասյանն առաջարկել է փորձաքննության տանել Արարատ Միրզոյանի ձեռագիրը։