19/01/2021 14:55
«Արթուր Դավթյանը կախյալ է իշխանությունից». Քոչարյանի փաստաբանները բացարկ հայտնեցին գլխավոր դատախազին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին` բացարկ հայտնել ՀՀ գլխավոր դատախազ, այս գործով մեղադրող Արթուր Դավթյանին։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, թե, քանի որ Արթուր Դավթյանին է նաև բացարկ է հայտնվել, անհրաժեշտ է համարում նաև նրա կողմից միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, թե դատավարական ցանկացած հարցի քննարկմանը դատախազի մասնակցության պարտադիրությունը կախված է միջնորդության բովանդակությունից։ Նա ասաց ՝դիրքորոշում իրենք կհայտնեն։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, թե տեղի է ունեցել իրադարձություն, որը բացառում է Արթուր Դավթյանի մեղադրողի կարգավիճակում մասնակցությունը սույն գործին։
Ըստ Ալումյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ղեկավարներին ու ՀՀ գլխավոր դատախազին կանչել է կառավարության շենք՝ խորհրդակցության։ Փաստաբանն ասաց, թե Արթուր Դավթյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն այնպիսին են, որ վարչապետը կարող է գլխավոր դատախազին հրավիրել իր մոտ ու քննարկման առարկա դարձնել կոնկրետ քրեական գործերի քննության ընթացքը։
«Արթուր Դավթյանի այսպիսի փոխհարաբերությունները հակասում են «Դատախազության մասին ՀՀ օրենքի» մի շարք նորմերին»,-ասաց Ալումյանը։
Նա նշեց, թե Արթուր Դավթյանի դրսևորած վարքագիծը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է առնվազն կասկածներ առաջացնել գործադիր իշխանությունից կախյալ լինելու վերաբերյալ։
«Նման հանգամանքը ուղղակիորեն կապված է սույն քրեական գործի հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանը սույն քրեական գործով կողմ է հանդիսանում», - ընդգծեց Ալումյանը։
Հիշեցնենք՝ երկար դադարից հետո այսօր կրկին վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: