20/01/2021 18:03
Երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Դուք գնում էիք Մոսկվա` հայտարարելով, որ մեր առաջնահերթություններում գերիների վերադարձի հարցն է, բայց որևէ ձեռքբերում այս ուղղությամբ մենք չունենցանք։ Սա ապացուցում է, որ Դուք այլևս Հայաստան և Ադրբեջան բանակցություններում ունակ չեք լինելու այլևս պաշտպանել Հայաստանի շահերը։ Ինչո՞ւ չեք հեռանում՝ հնարավորություն տալով կարող ուժերին գալ և շարունակել բանակցությունները՝ հնարավորինս հայանպաստ ուղղությամբ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։
«Բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։ Հիմա իմ հարցը հետևյալն է, ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցն այդ երկար տարիների ընթացքում չի հնչել», - պատասխանեց վարչապետը։
Փաշինյանն ասաց, թե իրեն հարցեր են տալիս «էժան քաղաքական միավոր» շահելու համար։
«7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում։ Ինչո՞ւ այդ մասին չէիք հարցնում նախկինում։ Երբ ասում եք, որ մենք որպես իշխանություն ի վիճակի չենք սպասարկելու Հայաստանի շահը, ես էլ ասում եմ, որ դուք՝ որպես ընդդիմություն, առավել ևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը», - ասաց Փաշինյանը։