20/01/2021 16:24
Մի ճամփորդության պատմություն
«Նյումեգ» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի «Մյունխեն՝ վերջին կայարան» (Մի կյանքի պատմություն) իրապատում պատմվածաշարը։
Մեծ մանկավարժի կյանքի ու գործունեության մասին պատմող եռերգության երկրորդ գիրքը Եվրոպայի երկաթուղային մայրուղիներով մի ճամփորդության նկարագրություն է, որ զուգորդված է վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմությամբ։
Ռիմա Խաչատրյանը ծնվել է 1938թ. ապրիլի 3-ին Երևանում՝ Վանից (մայրը) և Ալաշկերտից (հայրը) ներգաղթածների ընտանիքում։ Ծնողները ծանոթացել էին Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցում: Մայրական պապը՝ Վանի վիլայեթի Հայոց Ձորի գավառի Անգղ գյուղի քահանա, միաժամանակ, տեղի ուսումնարանի տեսուչ Տեր Գևորգը, 1915թ. եղեռնից մազապուրծ՝ գաղթել է Միացյալ Նահանգներ, ուր 1924թ. զոհվել է ավտովթարից։
Գրքում ավստրոգերմանական մերօրյա իրականությունը և վերջին երկու տասնամյակների ու նախորդ դարի երկրորդ կեսի հայաստանցու կյանքն ու մտորումները շաղկապվում են մեկ անհատի պրիզմայով՝ ժամանակ, հասարակարգեր, փոփոխվող բարքեր ու պատմական իրադարձություններ կտրող-անցնող մեկ ճակատագրով։
Գիրքն ամբողջությամբ հագեցած է աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ։ Գործող անձինք միմյանցից տարբերվում են իրենց բնավորությամբ, խառնվածքով, աշխարհայացքով, իրականության նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Արտացոլում է խորհրդային հասարակարգին բնորոշ կենցաղային, սոցիալական, տնտեսական կյանքի տարբեր կողմերն ու երևույթները։
Ներկայացված են նաև մեծ մանկավարժի մտորումները տարբեր հասարակարգերի ու անցումային ժամանակների հակասությունների, դրանց ներքո մարդկային վարքագծի կարմիր գծերի մասին։
Իրադարձությունների նկարագրությանը հաջորդում են երևանյան կենցաղի պատկերները՝ վերարտադրելով մարդկային-անհատական ճակատագրերը հավաստի-իրական մթնոլորտում։
Շարադրանքին բնորոշ է պարզ հոգեբանությամբ ու հայեցակետով կյանքի անցուդարձն իմաստավորելու և ներկայացնելու ձգտումը։
Յուրաքանչյուր գլուխ մի առանձին պատում է որոշակի ժամանակահատվածի ու իրադարձության մասին։
Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար։