20/01/2021 12:38
ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. հանցակազմը բացակայում է
Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը։
«Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով», - Aysor.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Խոսքը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։
ԱԱԾ-ն այս դեպքի առնչությամբ հուլիսի 31-ին հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին:
ԱԱԾ-ում բացատրություն տալուց հետո Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել էր՝ «ԱԱԾ կանչվել էի մի անհեթեթ գործի շրջանակներում»։