20/01/2021 12:30
«Շարժումը նոր է սկսվում». Թրամփը վերջին ուղերձում նշել է իրենով հպարտանալու պատճառը (Տեսանյութ)
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժեշտի խոսքում թվարկել է իր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները, որով կարող է հպարտանալ: Երկրի ղեկավարի ելույթը հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքում:
«Այս շաբաթ մենք անցկացնելու ենք նոր վարչակազմի երդմնակալության արարողությունը, և ես աղոթում եմ դրա հաջողության համար՝ Ամերիկան անվտանգ և բարգավաճ պահելու գործում», - ասել է պետության ղեկավարը:
Ըստ Թրամփի՝ իր ստեղծած քաղաքական շարժումը «նոր է սկսվում»: «Հիմա, երբ ես պատրաստվում եմ իշխանությունը փոխանցել նոր վարչակազմին <...>, ուզում եմ, որ դուք իմանաք, որ մեր սկսած շարժումը նոր է սկսվում», - ասել է նախագահը:
Ամփոփելով իր իշխանության չորս տարվա արդյունքները՝ Թրամփը նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ առաջին նախագահն է, «ով նոր պատերազմներ չի սկսել»:
«Ես հատկապես հպարտ եմ, որ տասնամյակների ընթացքում առաջին նախագահն եմ, ով նոր պատերազմ չի սկսել», - ասել է ամերիկացի առաջնորդը:
Բացի այդ, ըստ հանրապետականի, նա «համախմբել է աշխարհը՝ Չինաստանին դիմակայելու համար, ինչպես չի եղել նախկինում»:
Թրամփը նաև ասել է, որ վերականգնել է ԱՄՆ առաջնորդությունը համաշխարհային բեմահարթակում: