21/01/2021 12:21
«Մարտունու ԲԿ»-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին. նախարար
Կառավարությունը հավանություն տվեց «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին:
Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս համաձայնագրով նախատեսվում է 7,4 միլիոն դոլարի տրամադրում:
«Դեռևս 2013 թվականին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերաության միջև ստորագրվել է 35 միլիոն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված էին Գեղարքունիքի մարզի «Մարտունու ԲԿ» և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես, կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերում», - ասաց նախարարը:
Նա նշեց, թե 2020թ․ մարտի 6-ին կատարված փոփոխություններով նախատեսվել էր Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանել վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաև փոխարժեքային տարբերության հետևանքով առաջացած ֆինանսական կորուստները:
«Նշված պատճառներով ֆինանսական միջոցները չէին բավարարի երկու ԲԿ-ի արդիականացման համար ու նպատակահարմար էր գտնվել այդ պահին միջոցներն ուղղել «Մարտունու ԲԿ»-ի արդիականացման աշխատանքներին: Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման և բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր 2019-2023 թթ կառավարության միջոցառումների ծրագրով», - ասաց նախարարը:
Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել «Մարտունու ԲԿ»-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը ու այժմ անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը:
Ըստ նրա՝ «Մարտունու ԲԿ»-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով:
«Երկու կենտրոնն էլ ռազմավարական կարևորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում և նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելուն», - ասաց նախարարը՝ ընգծելով, որ «Մարտունու ԲԿ»-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին: