21/01/2021 15:01
ՌԴ ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղում վնասազերծել են ավելի քան 15 հազար զինամթերք
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները մարդասիրական առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 95 հա տարածք և վնասազերծել ավելի քան 15 հազար զինամթերք: Այս մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Մասնագետներն Աղդամի շրջանում ուսումնասիրել են ավելի քան 6,7 հա տարածք և վնասազերծել շուրջ 240 պայթուցիկ առարկա, այդ թվում՝ ավելի քան 170 հակատանկային և ավելի քան 20 տանկային ական:
Այժմ այնտեղ աշխատում է 26 մարդ, որոնք ականազերծման համար օգտագործում են ժամանակակից ռոբոտացված համակարգեր:
Մարտունու շրջանում ուսումնասիրվել է շուրջ 2,5 հա տարածք և հայտնաբերվել 10 զինամթերք:
Բացի այդ, փորձագետներն ուսումնասիրել են Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մերձակա տարածքը: Այնտեղ վնասազերծվել է 88,5 հա տարածք և հայտնաբերվել շուրջ 15 հազար զինամթերք:
Զինամթերքը ոչնչացվում է Մարդասիրական ականազերծման կենտրոնի միջոցով: