21/01/2021 14:35
Ոչ աշխատանքային օրեր կլինեն միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը. Էկոնոմիկայի նախարարության նոր առաջարկը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է ներկայացրել քննարկման։
««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ:
Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր։
Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։
«Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա Նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը», - նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է նաև, թե տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները։
Այսպիսով՝ առաջարկվում է հունվարի 1-ը, 2-ը և 6-ը համարել ոչ աշխատանքային օրեր, հունվարի 1-ին ու 2-ին նշել Ամանորը, 6-ին՝ Սուրբ Ծնունդը, իսկ դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվեն աշխատանքային օրեր։