22/01/2021 10:34
Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից. ՀՀ ԱԳՆ
Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձևերում ամրագրված են բազմաթիվ կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացված պատերազմական հանցագործություններին, ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես՝ հումանիտար հարցերի շուրջ, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Առանձնապես կարևորում ենք, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան:
Համակարծիք ենք Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից: Այդ համատեքստում հատկապես կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանը նաև դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը:
Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հումանիտար հարցերի, մասնավորապես՝ գերիների անհապաղ հայրենադարձման առնչությամբ: Հարկ է նշել, որ Արցախի ժողովրդի անվտանգության, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրները պատշաճ կերպով արտացոլվել են բանաձևում: Էական է նաև, որ Եվրախորհրդարանը հանդես եկավ առանց որևէ խոչընդոտների Արցախ հումանիտար աջակցություն ցուցաբերելու դիրքերից:
Մենք կարևորում ենք միջազգային հանրության ջանքերը՝ ի դեմս նման բանաձևերի՝ նպաստելու պատերազմի պատճառների և հետևանքների վերացմանը, որը, ըստ բանաձևի, ենթադրում է նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծումը և Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»: Ինչպես մեկ անգամ ևս փաստվեց միջազգային այս հեղինակավոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը», - ասել է ԱԳՆ խոսնակը։