22/01/2021 11:43
Հանքարդյունաբերությունը դեռևս չի ապահովում կայուն զարգացում. ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները: Ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել:
Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանը և առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն, ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը:
Հարկ է ընդգծել, որ առաջին անգամ իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտի համալիր և ընդգրկուն ուսումնասիրություն, որի շրջանակում փորձ է արվել մանրակրկիտ վերլուծության ենթարկել ոլորտը, ընդհանուր մրցակցային դաշտը, ոլորտում առկա ներկա իրավիճակը, զարգացումները և այլն:
Մասնավորապես իրականացվել են ոլորտում առկա պետական կարգավորումների, օրենսդրական դաշտի և մրցակցային միջավայրի վրա դրանց ունեցած հնարավոր ազդեցության, տնտեսվարող սուբյեկտների և մասնակիցների կազմի, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց, դրանց սեփականատերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեության ուսումնասիրություններ, վերլուծվել է մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտների կազմն ու կառուցվածքը և այլն»:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ապահովում է ծավալով փոքր, սակայն բարձրարժեք արտադրանք: Արդյունահանված արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, երկրի ներսում իրացված մետաղական հանածոների ծավալներն իրացման ամբողջ ծավալի մեջ կազմում են ընդամենը 1.23 տոկոս:
Ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում հիմնականում իրականացվում է արդյունաբերական նշանակության հանածոների, լցանյութերի և շինարարական քարերի արդյունահանում: Թույլտվությունների քանակը գրեթե 14 անգամ գերազանցում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում տրված թույլտվությունների քանակը, սակայն ոլորտի տնտեսական նշանակությունը փոքր է, քանի որ ստացվող արտադրանքի արժեքը ծավալային մեծության համեմատ փոքր է:
Հանքարդյունաբերության ոլորտը դեռևս չի ապահովում կայուն զարգացում, ոը կբավարարի ներկա կարիքները՝ առանց վտանգելու գալիք սերունդների՝ սեփական կարիքները բավարարելու հնարավորությունը:
Ոլորտում առկա են նաև մրցակցության վրա ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունեցող մի շարք խնդիրներ:
Հիշեցնենք, որ հանքարդյունաբերության ոլորտին օրերս անդրադարձ կատարվեց նաև Ազգային ժողովում: Ներկայացնելով համապատասխան քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը նշել էր, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից որևէ մեկը շահութահարակ չի վճարում, իսկ «Ամուլսարի» շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացվել:
Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ասել էր, որ իրենք ձախողել են քննիչ հանձնաժողովի գործունեությունը:
Նույն խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն էլ հայտարարել էր, որ չկա որևէ փաստացի օրինակ, տվյալ, ապացույց, որ այսինչ հանքավայրը բացելու համար, ենթադրենք, այսինչ խախտումներն են տեղի ունեցել, կամ եզրակացություն՝ ինչ է պետք անել: