22/01/2021 14:00
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ամերիկացի անձնակազմի համար պատվաստանյութերի ցանկում ռուսական «Սպուտնիկ V»-ն չկա. Civilnet.am
COVID-19-ի պատվաստանյութի դեղաչափեր ամերիկացի անձնակազմի համար ապահովելու գործընթացը ուշադրության կենտրոնում է։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։
«Այլ երկրներում գործող ԱՄՆ դիվանագիտական ծառայությունների աշխատակիցների ապահովության երաշխավորումը, այդ թվում՝ պատվաստումների միջոցով, առաջնահերթ խնդիր է» , - տեղեկացրել են մամուլի ծառայությունից։
Ի՞նչ պատվաստանյութով են պատվաստվելու դեսպանատան աշխատակիցները հարցին ի պատասխան՝ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ կկիրառվի ԱՄՆ Պարենի ու դեղերի վարչության կողմից անհետաձգելի օգտագործման նպատակով հավանության արժանացած պատվաստանյութ։
«Ռուսական պատվաստանյութն այս ցանկում չէ», - հայտնել են ծառայությունից՝ նշելով, որ Միացյալ Նահանգներին մտահոգում է, որ Ռուսաստանը միջազգայնորեն տրամադրում կամ վաճառքի համար առաջարկում է պատվաստանյութեր՝ առանց դրանց անվտանգության և արդյունավետության մասին թափանցիկ ու գիտական հանրույթի դիտարկումներով ձևավորված ապացույցների ներկայացման։