25/01/2021 12:57
Արմեն Աշոտյանի ինտելեկտն ու բարոյականությունը ցավում է, երբ պետք է արձագանքի Նիկոլ Փաշինյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ինտելեկտը «ցավում է», երբ պետք է արձագանքի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Էս վերջերս ցավում է նաև բարոյականությունս, որովհետև ամոթ է, որ նա դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտյանը։
Նա ասաց, որ իրենց՝ իշխանության եղած ժամանակ բանակցային ամբողջ գործընթացն արձանագրել է հայկական կողմի համար մի շարք կարևոր հանգուցային հաջողություններ, որոնք խտացրել էր ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը։
Աշոտյանը նշեց, թե Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը դիտվել է որպես կարգավորման հիմնաքար։
«Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների կողմից դիտվել է որպես կոնստրուկտիվ կողմ, մենք համանախագահների ֆավորիտն էինք, որովհետև այնքան խելոք էինք բանակցում, որ մեր դիրքերը պահելով՝ կարողանում էինք կոնստրուկտիվ հանդես գալ Ադրբեջանի ֆոնի վրա։ Մյուս հաջողությունը նա է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարները 2009-ից մինչև 2013 թվականը հինգ հայտարարություն ընդունեցին, որով հաստատեցին, որ Արցախի կարգավիճակի հարցը հանգուցային է, պետք է լուծվի ազատ կամարտահայտությամբ», - ասաց նա։
Աշոտյանը նշեց, թե ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ բանաձևել էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Սա էր մեր կարգավորման կրեդոն ու, լինելով փոխզիջումների կողմնակից, Հայաստանը մշտապես կարողացել է պնդել ու հասնել նրան, որ Արցախի ինքնորոշման իրավունքը ամրագրված է եղել որպես հիմնարար սկզբունք», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։