24/01/2021 21:19
Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելում, որ դեռ վերջնական որոշում չկա: Երեկ լուրեր շրջանառվեցին, որ վարչապետի որոշմամբ Մակունցը, ով 2018-ի մայիսին նշանակվեց մշակույթի նախարար, ապա մի քանի ամիս անց ընտրվեց պատգամավոր ու անցավ օրենսդիր մարմին, շուտով նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան:
Լիլիթ Մակունցը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն է:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». Ըստ տեղեկությունների` Դուք արդեն ստացել եք ամերիկյան կողմի հավանությունը և շուտով պատրաստվում եք մեկնել Վաշինգտոն` ստանձնելու ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական պաշտոնը, ինչը շատ մեծ պատասխանատվություն է: Կարո՞ղ եք հաստատել այս տեղեկությունը և կարո՞ղ եք մեկնաբանել այն:
Լիլիթ Մակունց. Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի:
«Ազատություն». Բայց «ագրիմանն», ասում են, արդեն կա:
Լիլիթ Մակունց. Ոչ, չկա, հարցը օրակարգում կա, բայց դեռևս որևէ հաստատում չկա:
«Ազատություն». Տիկին Մակունց, իսկ Դուք դիվանագիտական փորձ ունե՞ք, եթե հարցն օրակարգում է, այսպիսի հարց տամ նաև, հավանաբար մարդիկ կսկսեն ասել` ահա ևս մեկ նշանակում, անփորձ պաշտոնյա պետք է ծառայի այսպիսի կարևոր դիվանագիտական պաշտոնում: Խնդրեմ, մեկնաբանեք:
Լիլիթ Մակունց. Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական նշանակումով կամ քաղաքական նշանակումով, քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի: