25/01/2021 10:25
Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը ԼՂ կարգավիճակի վերջնական լուծման հարցում. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ԱՄՆ նախագահի խորհրդականին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձ է հղել Ջեյք Սալիվանին ԱՄՆ Նախագահի` Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Սալիվան, Խնդրում եմ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները և փորձը էապես կնպաստեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության օրակարգի առաջմղմանը:
Հայաստանը մեծապես կարևորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր երկկողմ հարաբերությունները՝ խարսխված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա: Մենք նաև բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Վստահ եմ, որ ԱՄՆ-ի ջանքերը արդյունարար նշանակություն կունենան տարածաշրջանում համընդհանուր կայունության և անվտանգության հաստատման գործում։
Հուսով եմ մոտ ապագայում հանդիպել Ձեզ՝ քննարկելու հայ-ամերիկյան գործընկերությունը` այն ավելի համընդգրկուն ու համապարփակ դարձնելու նպատակով»: